ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Եթե պետությունն անբարոյականացած է, կոռումպացված, նրա ապագան էլ համապատասխանելու է դրան

Եթե պետությունն անբարոյականացած է, կոռումպացված, նրա ապագան էլ համապատասխանելու է դրան
10.04.2009 | 00:00

ԿՈՌՈՒՄՊԱՑՈՒՄ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆԽԱՉԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆ` ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ
Հզոր երկրների հզորներն անգամ իմպիչմենտի են ենթարկվում անբարոյականության, կոռուպցիայի կամ կոռումպացված վերաբերմունքի համար: Իսկ այդպիսի վերաբերմունքի հիմքում հիմնականում և վերջին հաշվով նյութապաշտ անբարոյականությունը, այն է՝ անաստվածությունն է...
Ամերիկացիներից ոմանք հարց են տալիս. Ամերիկան չի՞ անբարոյականանում, երկրի ղեկավարությունը կոռումպացված չէ՞: Նրանք հավատում են, որ այս հարցի դրական պատասխանի դեպքում Ամերիկան ուշ թե շուտ Աստուծո կողմի՛ց է իմպիչմենտի ենթարկվելու և հայտնվելու պատմության աղբանոցում:
Կոռուպցիայի իմաստով ի՞նչ վիճակում են Հայաստանը, հայ ազգը: Հայոց հոգևոր և աշխարհիկ կառույցները, հաստատություններն ու դրանց պատասխանատուները, մտավորականությունը և ընդհանրապես հասարակությունը զե՞րծ են կոռուպցիայից կամ, այլ կերպ ասած, հիվանդ չե՞ն: Եթե հիվանդ են, ապա ի՞նչ աստիճանի են կոռուպցիայի հիվանդությանը ենթարկված:
Սա ազգային անվտանգության համապարփակ գերխնդիրն է: Որովհետև եթե պետությունն աստվածային չափանիշով անբարոյականացած է, կոռումպացված, նրա ապագան էլ համապատասխանելու է դրան, լինելու է իմպիչմենտի ենթակա։
Հայ ազգը և Հայաստանը պատմության աղբանոցո՞ւմ են գտնվելու, թե՞ լուսավոր բարձունքի գագաթին՝ կախված է իրենց ՀԱՎԱՏՔԻՑ և հավատքով ապրելուց:
ՈՒրեմն, հավատքով զինվելը և հավատքով ապրելը, Աստուծո կամքն ու ծրագիրը կատարելը Ազգն ու Երկիրն ազատում են կոռումպացման ախտից, պահում են միշտ առողջ և կենսունակ, ապահովում պատիվ ու երջանկություն՝ ընդմիշտ:
Հայության աստվածաշնորհ հավատքը բխում է Ավետարանի շնորհքից, գիտությունից և խաչի զորությունից:
Խաչը նաև խորհուրդն է մեր հավատքի, որով և խավարի, կոռուպցիայի մերժման, մեր կյանքի ընթացքում Աստուծո պատգամների կատարման և մեր ապագայի՝ լուսավոր երջանկության, Երկրում՝ որպես Աստուծո Արքայության դաշնակից, Երկնքում՝ որպես Աստուծո Արքայության բնակիչ:
Հավատում ենք, որ խաչը միշտ պետք է լինի մեր դրոշի և զինանշանի հետ՝ որպես խորհրդանշան ազգի և պետականության հոգևոր իմաստության, հոգևոր զորության, և պաշտպան խավարից՝ մեր անձնական, ազգային և համաշխարհային կոռուպցիայից: Ու նաև պետք է լինի խորհրդանշան՝ մեր հոգևոր և բարոյական ինքնության... ու մեր աստվածաշնորհ հավատքի, հույսի և սիրո, այժմ և հավիտյանս...
Վարչապետ Վազգեն Սարգսյանը 1999 թվականի սեպտեմբերի վերջին Միացյալ Նահանգների Կոնգրեսում և հետո նաև Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանն ընդգծում էր, որ իր համար անսպասելի էր Հայաստանում պաշտոնական կաշառակերության ու ընդհանրական կոռուպցիայի մասին Վաշինգտոնում ամեն տեղ այդքան շատ լսելը: Ինքը զարմացած էր: Նաև՝ վշտացած: Նա ասում էր, որ Հայաստան վերադառնալուց հետո իր առաջին գործը լինելու է կոռուպցիան վերացնելը:
Գուցե կոռուպցիայի մահաբեր վտանգը նա զգաց ու հասկացավ համեմատաբար ավելի շատ: Բայց, բացի մեր պետականության դեմ այդ վտանգից ու ազգային և մարդկային պատվախնդրությունից, նրա հոգու մեջ հավանաբար ճառագայթեց նաև այդ զգալու և հասկանալու Հավատքի Աստվածային իմաստությունը:
Ի՞նչ ենք անում մենք՝ ողջերս: Ի՞նչ ենք անելու: Ովքե՞ր, ե՞րբ, ինչպե՞ս... Նայում եմ շուրջս, փնտրում եմ: Ես արդեն գործում եմ` մաքրում եմ ինձ՝ խիղճս, գիտակցությունս, գաղափարս՝ ազգիս նկատմամբ և կյանքի նկատմամբ... Աստուծով...
ՆԵՐԴՐՈՒՄ
Հատկապես վերջին տարիներին շատ ենք խոսում, երազում և հորդորում ներդրումներ կատարելու մասին...
Ներդրում Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում, ներդրում արդյունաբերության զարգացման համար, հատկապես բարձրակարգ տեխնոլոգիաների բնագավառում և այլն: Որպեսզի այս ներդրումները նախ՝ իրականանան և, երկրորդ, արդյունք տան, հարկավոր է ներդրում կատարել հայ մարդու հոգու մեջ՝ ճանաչելու համար իր ինքնությունը, ազգային դավանանքը, գաղափարը, բարոյական արժեքները և գիտակցելու համար իր դերն ու պարտականությունները` իր ընտանիքի և իր ազգի զարգացման համար (որը նաև մարդկության համար է) և որոշելու այդ զարգացման բնույթը, իմաստը և իրագործման լավագույն միջոցները:
Մարդու որակով է պայմանավորվում մարդկային կյանքի որակը: Հայի որակով էլ որոշվում է հայկականության ինչ լինելն ու Հայրենիքի վիճակը:
Մեզանից շատերը գիտակցում են համակարգչային, հեռահաղորդակցության, տեղեկատվության, գործարարական, վարչարարական և նման բնագավառների կարևորությունը մեր և մեր հայրենիքի ու ժողովրդի զարգացման և բարգավաճման համար: Այդ պատճառով համեմատաբար զգալի ջանքեր ենք կատարում՝ հմտանալու համար այդ ասպարեզներում: Տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ տարբեր ձևերով այդ նպատակով բավական օգնում են մեզ: Գումարներ են հատկացվում, սարքավորումներ են նվիրվում, վերապատրաստման բազմաթիվ ծրագրեր են իրագործվում:
Առայժմ չխոսենք այդ բոլորի արդյունքի մասին: Խոսենք այն մասին, որ եթե նախկին տեխնիկայով և մեթոդներով անհնար է քայլ պահել արդի զարգացումների պահանջների հետ, և անհրաժեշտ է անպայման գործարկել ու իրացնել նորը, ապա նախկին գաղափարով և մտայնությամբ ոչ թե քայլ պահել չենք կարողանա, այլ ճահճամահ լինելուց իսկ չենք կարողանա խուսափել, եթե դրականորեն չփոխվենք՝ ազգովին, Հայրապետության և Հանրապետության համապատասխան մակարդակի ղեկավարության ու ազգի մտավորականության օրինակով ու առաջնորդությամբ: Հետևապես, ամբողջ պատասխանատվությունն առաջին հերթին և գլխավորապես ընկնում է ազգային այդ կառույցների, հաստատությունների և խավերի ղեկավարության վրա:
Սա հավերժական ճշմարտություն է, նաև՝ գիտական փաստ:
Դրականորեն փոխվելու նպատակի իրագործումը Ազգի և նրա պետականության առաջնային, հիմնական խնդիրն է: Ինչքան շուտ, ծավալուն և որակով այն կատարվի, այնքան շուտ, համապարփակ և արդյունավետ կլուծվեն Ազգի ու Հայրենիքի բոլոր խնդիրները: Եվ մշտական ապահովությունը, զարգացումն ու բարգավաճումը կսկսեն հասնել մարդկության ամենաբարձր ցուցանիշների աստիճանին:
Հայ ազգի ու Հայրենիքի վերապրումի և վերելքի փորձը կդառնա ազգերի ուսումնասիրման և ընդօրինակման առարկա:
Այդ փորձը և դրա յուրացումն աշխարհի բազմաթիվ երկրներին ուսուցանելը կդառնա Հայաստանի թե՛ եկամտաբեր և թե՛ այլոց մարդասիրական օգնության ասպարեզներից մեկը:
Հայ խորհրդականների և փորձագետների միջազգային ծառայությունը կդառնա Հայաստանի արդյունաբերության կարևոր ճյուղերից մեկը...
ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵԶ
Կարևոր է, որ ճանաչենք մեզ, թե ովքեր ենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում, ինչու:
Մինչև մենք մեզ չճանաչենք և ըստ այնմ չհաստատվենք, չկայանանք և չկազմակերպվենք որպես ազգ, մեր ազգը չի կարող ունենալ կայացած ու կազմակերպված երկիր և պետություն` կենսունակ ու զորեղ այնքան, որ ի վիճակի լինի պաշտպանվելու արտաքին և ներքին փորձություններից ու վտանգներից` ուղղված իրենց իսկ գոյության դեմ, և քայլ պահելու մարդկային առաջադիմության ընթացքի հետ մարդկության առաջատար շարքերում:
Այս իմաստով և տվյալ խնդրի կատարման նպատակով մեր սերնդի առաջ անհրաժեշտություն ու նաև պարտականություն է առաջանում` ճանաչել մեր պատմությունն ու այն կերտողներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ «ԽԵՐԸ»
Հայաստանի հեռուստաալիքներով հաղորդվող նորաձևության համաշխարհային համբավ ունեցող մի ընկերության նույնքան համբավավոր դիզայների մամլո ասուլիսում, որպես գովեստ, որպես նախանձելի առավելություն հնչեց հետևյալ խոսքը. «Սպիտակ շրջազգեստներով աղջիկներն ավելի սեքսուալ տեսք ունեն...»։
Հայաստանի հեռուստահաղորդումներում մի հետևողական միտում է նկատվում` ուղղված երիտասարդական շրջանակներին, հատկապես դեռատի աղջիկներին համոզելուն, որ, սեքսուալ տեսք և շարժուձև ունենալով, մոդել դառնալն ամենաերջանիկ պատեհությունն է, որ կարող է նրանց անվանի դարձնել, հարստացնել ու երջանկացնել։
Մեր երկրում պոռնո մտայնության և բարքերի պատվաստումն ինչո՞ւ է տարբեր հզոր շրջանակների խնդիրը դարձել: Չէ՞ որ մեր նոր սերնդի բարոյական ախտահարումը կամլացնի մեր ազգի, երկրի ու պետության ապագան: Ովքե՞ր, ե՞րբ, ինչպե՞ս պետք է ազգային դիմադրություն կազմակերպեն հայ հոգեբարոյական և գաղափարական անաղարտ մթնոլորտի պահպանման համար` որպես ազգային անվտանգության գերակա խնդիր:
Մի հեռուստաընկերություն էլ կիրակնօրյա իր ծրագրում հատուկ գովազդում էր, որ երկուշաբթի առավոտյան երիտասարդների համար, որպես ուսումնական ծրագիր, հաղորդվելու է շոու բիզնեսի մասին… Մի՞թե սա էլ խայծ չէ հեռվից, կամաց-կամաց երեխաների քթից կարթ անցկացնելու համար: Բայց ինչո՞ւ է այդ հեռուստաընկերությունը խաբված. չենք ուզում հավատալ, որ գիտակցաբար է գործակցում…
Եթե մեկն ինչ-ինչ պատճառով առարկի, թե ի՛նչ է եղել որ, բիզնեսը բիզնես է, ինչո՞ւ երեխաներն էլ չսովորեն բիզնես անել, որ լավ ապրեն, դրան մեր պատասխանը կլինի.
Հայաստանի հանրօգուտ գործարար, ընդարձակ դաշտո՛ւմ տեղ գրավելու ցանկություն առաջացրեք և հմտություն սովորեցրեք, այլ ոչ թե «կիսապոռնո, կիսամաֆիոզ, քայքայիչ բիզնեսների» մասին գովազդեք` որպես «ազատական գործարարություն»: Ի՞նչ է, առաջադեմ, քաղաքակիրթ երևալու համար մեր երիտասարդնե՞րն էլ իրենց երեսները ներկեն, մազերը ցցեն կամ աղջիկ ու տղա ականջ, շրթունք և էլ չգիտես ուր` օղակներ անցկացնեն և իրենց մատղաշ, մաքուր մարմիններն այլանդակ դաջվածքներով պղծեն...: Մոռացե՞լ ենք, թե մենք ում սերունդն ենք, և մեր նախնիք ինչպիսի կյանք ապրելով և հարկ եղած ժամանակ ի՛նչ գին վճարելով են մեր ազգը պահպանել և մեզ մինչև 21-րդ դար հասցրել` դժվարին, բայց պատվավոր վիճակում... Եվ, մանավանդ, մոռացե՞լ ենք, որ մենք քրիստոնյա ազգ ենք: Ո՞վ է ասել, որ քրիստոնեական կյանքը միայն մոմ վառելով է...
Այս և սրանց նման երևույթները մի՞թե հայ ծնողը, պապն ու տատը, եղբայրն ու քույրը պետք է կուլ տան, լռեն, որպեսզի արևմտամետ կամ «քաղաքակիրթ», ազատական ու առաջադեմ երևան... Իսկ պետությո՞ւնը, մտավորականությո՞ւնը և...
Եվ մեր կղերականությո՞ւնը, եթե, իհարկե, վերջինիս մեջ դեռ կա նաև հոգևորականություն և խանութպան, արհեստավոր չի դարձել: Մի՞թե նրանք գլխավոր պատասխանատուները չեն քաղքենիացած և վարակահարույց հեռուստահաղորդումների, պոռնո, կիսապոռնո հանդեսների, գիշերային ակումբների և նման բիզնեսների համար...
Ի՞նչ է, ամոթը կորցրած` Աստծուց չե՞նք վախենում այլևս:
Ո՞վ, ի՞նչը կզգաստացնի մեզ, որ անհատապես ու ազգովին մեր հոգևոր ու աշխարհիկ ղեկավարության առաջնորդությամբ մեր մարդկային-ազգային տոհմիկ ու աստվածահաճո կյանքի հունի մեջ մտնենք և դարձյալ դրանով ընթանանք, ինչպես որ արժանի է հայ մարդուն: Չէ՞ որ միայն այդ դեպքում մենք կգոյատևենք, կզարգանանք, կաճենք ու կբարգավաճենք նաև հօգուտ մարդկության և ի փառս մեր սուրբ հավատքի:
Վարդան ԳՐԻՉԵՆՑ

Դիտվել է՝ 3141

Մեկնաբանություններ